Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է անվադողերի սեզոնային պահանջների խախտման համար նոր տուգանքների սահմանում։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ն, 2025 թվականի մայիսի 8-ի N 559-Ն և N 549-Ն որոշումներով ընդունված նոր կարգավորումներով։
Այս որոշումներով ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումներում ավելացվել են՝
- հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին բութակավոր հակասահքային դողերով չերթևեկելու պահանջ,
- ձմռան ժամանակահատվածում անվադողերին ներկայացվող խստացված պահանջներ,
- լեռնանցքներով և բարձր լեռնային գոտիներով անցնող ճանապարհահատվածներում բեռնատար տրանսպորտային միջոցների և ավտոբուսների հակասահքային շղթաներով կահավորված լինելու պահանջ,
- ձմեռային և բութակավոր հակասահքային դողերը տրանսպորտային միջոցի բոլոր անիվների վրա տեղադրված լինելու պահանջ։
Ընթացիկ իրավիճակը՝ վիճակագրությունը
2024 թվականի ցուցանիշները՝
- արձանագրվել է 4,314 ճանապարհատրանսպորտային պատահար,
- զոհվել է 333 մարդ,
- մարմնական վնասվածքներ ստացել է6,116 մարդ,
- ՃՏՊ-ների 67%-ը (2,894 դեպք) պատճառ է դարձել վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։
Տնտեսական վնասները՝
2023 թվականին միայն ՃՏՊ-ների հետևանքով տնտեսությանը հասցված ընդհանուր վնասը կազմել է 332 մլրդ դրամ, որը համարժեք է ՀՆԱ-ի 3.5%-ին։
Ըստ Ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի (iRAP) հաշվարկների՝
- յուրաքանչյուր մահվան դեպքի միջին հանրային ծախսը՝ 165 մլն դրամ,
- յուրաքանչյուր վիրավորի միջին հանրային ծախսը՝ 3 մլն դրամ։
Այս ծախսերը ներառում են՝
- աշխատավայրում աշխատուժի կորուստ,
- բժշկական և փրկարարական ծառայություններ,
- իրավական և ուղղիչ ծառայություններ,
- տրանսպորտային միջոցների վերանորոգում և փոխարինում,
- երթևեկության խցանումներ և այլ անուղղակի ծախսեր։
Նոր տուգանքները
Օրենսգրքի 123-րդ և 1246-րդ հոդվածներում կատարվող լրացումներով սահմանվում են հետևյալ տուգանքները՝
| Իրավախախտումը | Տուգանքի չափը՝ ՀՀ դրամ |
| Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար և մինչև 3.5 տոննա բեռնատար ավտոմոբիլներ ամառային դողերով վարելը | 25000 |
| Հունիս-օգոստոս ամիսներին ձմեռային բութակավոր դողերով տրանսպորտային միջոց վարելը | 15000 |
| Լեռնային հատվածներում 3.5 տոննայից ավելի բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների առանց հակասահքային շղթաների երթևեկությունը | 50000 |
| Ձմեռային/բութակավոր դողերը բոլոր անիվների վրա չտեղադրելը (յուրաքանչյուր չտեղադրված դողի համար) | 20000 |
| Վերոնշյալ խախտումների հետևանքով վթարային իրադրություն ստեղծելը | 30000-50000 |
| Վերոնշյալ խախտումների հետևանքով ՃՏՊ առաջացնելը՝ թեթև վնասով | 50000 |
Տուգանքները հաշվարկվում են սահմանված նվազագույն աշխատավարձից
Ակնկալվող արդյունքները
Նախագծով սահմանված պատասխանատվության միջոցների առաջնահերթ նպատակներն են՝
✓ կանխել նոր իրավախախտումների կատարումը,
✓ ճանապարհներից օգտվողների մոտ ձևավորել իրավախախտում թույլ չտալու համոզմունք,
✓ իրավախախտման համար պատասխանատվության անխուսափելիությունը գիտակցելու միջոցով նվազեցնել ՃՏՊ-ները,
✓ բարելավել ճանապարհային անվտանգությունը, հատկապես ձմեռային անբարենպաստ եղանակային պայմաններում,
✓ պաշտպանել երթևեկության մասնակիցների՝ վարորդների, հետիոտների, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքն ու առողջությունը։
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,- տեղեկացնում է Iravaban.net-ը։