Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ. Զելենսկի — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ, որտեղ առաջիկա օրերին նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ իր չեխ գործընկեր Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ «Եվրոպական պրավդա»-ի՝ Ուկրաինայի առաջնորդը հույս է հայտնել, որ այս հանդիպումներից հետո «ավելի շատ պարզություն կլինի ինչպես ամերիկյան կողմի հետ արդեն պատրաստված փաստաթղթերի, այնպես էլ Ռուսաստանի արձագանքի վերաբերյալ իրականացված և իրականացվող բոլոր դիվանագիտական ​​աշխատանքներին»:

Զելենսկին մանրամասնել է, որ անվտանգության երաշխիքներին և Ուկրաինայի վերականգնման փաթեթին վերաբերող մի շարք փաստաթղթեր պետք է վերջնականապես մշակվեն:

Նա նշել է, որ եթե ամեն ինչ պատրաստ լինի, ստորագրումը կարող է տեղի ունենալ Դավոսում հունվարի 19-23-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:

«Խնդիրն այսօր այն ստորագրելու շտապողականության մեջ չէ։ Կարևոր է, որ այն անդրադառնա մեր գործընկերների հետ քննարկված բոլոր ասպեկտներին, որպեսզի պատերազմից հետո Ուկրաինան չմնա «մերկ և ոտաբոբիկ», և որպեսզի մենք իրական ֆինանսական աջակցություն ունենանք։ Ահա թե ինչի վրա ենք մենք աշխատում»,-հավելել է Զելենսկին։

Leave a Comment