Նոր նախագիծ՝ անհայտ կորած անձանց որոնման և ընտանիքների աջակցության համար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

  • Սահմանել անհայտ կորած անձի իրավական սահմանումը։
  • Հստակեցնել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝անհետացման պատճառների և հանգամանքների վերաբերյալ տեղեկություն ստանալու, որոնման ընթացքին հետևելու,մարմինը (մասունքները) ստանալու իրավունքները։
  • Կարգավորել անհայտ կորած անձանց հետախուզման դիմումների ներկայացման կարգը։
  • Սահմանել որոնողական աշխատանքների իրականացման ընթացակարգը և որոնման դադարեցման դեպքերը։
  • Որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին նախատեսել Ազգային անվտանգության ծառայությունը, որը համակարգելու է որոնողական գործընթացը, իրականացնելու է տեղեկատվության հավաքագրում և փոխանակում, ինչպես նաև հաղորդակցվելու է անհայտ կորած անձանց ընտանիքների հետ։
  • Ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։
  • Սահմանել անհայտ կորած անձանց ընտանիքների համար սոցիալական, կրթական, բնակարանային, հարկային և հոգեբանական աջակցության երաշխիքներ։

Նախագծում ներառված են դրույթներ՝ ուղղված անհայտ կորած անձանց մարմինների (մասունքների) որոնմանը, նույնականացմանը, արտաշիրիմմանը և միջազգային համագործակցությանը։

Նախարարը նշել է, որ նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ պետական մարմիններ, ինչպես նաև անհայտ կորածների ծնողների և հարազատների, հասարակական կազմակերպությունների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Leave a Comment