2025 թվականի դեկտեմբեր ամսվա կլիմայական նկարագիրը

2025 թվականի դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․2 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 39.6 մմ, նորմայից փոքր-ինչ բարձր էր՝ 114 %-ը։

Օդի ջերմաստիճանը բարձր էր նորմայից դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներին, իսկ վերջին տասնօրյակին մոտ էր նորմային։ Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է դեկտեմբերի 1-ին Կապանում՝ 17․7°C, ամենացածր ջերմաստիճանը՝ դեկտեմբերի 28-ին Աշոցքում՝ -24․1°C։

Դեկտեմբերի առաջին և երրորդ տասնօրյակներին Հանրապետության շրջանների զգալի մասում դիտվեցին տեղումներ, իսկ երկրորդ տասնօրյակը համեմատաբար չորային էր։ Մինչև դեկտեմբերի 27-ը ձյան շերտը բացակայում էր հանրապետության շրջանների մեծ մասում, բացառությամբ բարձրադիր լեռնային շրջանների՝ 2000 մետրից բարձր։

Դեկտեմբերի 28-ին տեղած ձյան շնորհիվ հանրապետության տարածքի մեծ մասում ձևավորվեց ձյան ծածկ, որի առավելագույն բարձրությունը հասավ 50 սմ-ի լեռնային շրջաններում, իսկ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում՝ մինչև 100 սմ-ի։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք դեկտեմբերը դիտվել է 2010 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 1․0 °C, իսկ ամենացուրտը՝ 1953 թվականին՝ -10․3 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ դեկտեմբերը դիտվել է 1987 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 88 մմ, իսկ ամենաչորը՝ 2010 թվականին, ընդամենը 3 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ դեկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6°C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 3%-ով։

Leave a Comment