Սամվել Կարապետյանին կալանատանը պահելու հաշվարկը թիմի մենեջմենթի՝ նրա անձնական հնարավորությունը սահմանափակելն է. Հակոբ Բադալյան

Վերաքննիչ դատարանը չեղարկել է, այսպես ասած, առաջին ատյանի վճիռը, և Սամվել Կարապետյանը կրկին տեղափոխվում է ԱԱԾ մեկուսարան: Կայացվել է երկամսյա կալանքի մասին որոշում. Սամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարան տեղափոխելու փաստի առնչությամբ գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա դիտարկումները՝ ստորև.

Հիշեցնեմ, որ Կարապետյանը «հանկարծ» տուն գնաց դեկտեմբերի 30-ին, երբ դատարանը փոխեց նրա խափանման միջոցն ու սահմանեց տնային կալանք ու գրավ: Երկու շաբաթ անց վերաքննիչը փոխում է որոշումը: Փաստացի ստացվում է, որ Կարապետյանը Նոր Տարին անցկացրեց տանը՝ հարազատների շրջանում, եւ էլի վերադարձավ կալանատուն:

Կրկնեմ՝ չկա որեւէ կասկած, որ Սամվել Կարապետյանը հետապնդվում է քաղաքական պատճառներով:

Բայց, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել նրա քաղաքական թիմի այն անդամներին, որոնք տննային կալանքի վերաբերյալ որոշումը համացանցային տեսանյութերով ներկայացնում էին որպես փոքր հաղթանակ, առաջին հաղթանակ եւ այլն: Հիմա ի՞նչ՝ հաղթանակին հաջորդեց պարտությու՞նը: Ի՞նչ են ասելու նրանք: Ասելու են, որ հանցավոր վարչակարգը արեց իրե՞նը: Բայց չէ՞ որ դեկտեմբերի 30-ին հետեւորդներին փոխանցում էիք «առաջին» կամ «փոքր» հաղթանակ:

Ինչու՞ եմ սա ասում: Ասում եմ՝ հենց ընդդիմության շահից ելնելով: Եթե դրսեւորվելու է այդպիսի վարքագիծ, եթե հանրության հանդեպ կառուցվելու է այդպիսի «ստանդարտ» վերաբերմունք, ապա այդ «ստանդարտները» ավելի մեծ հավանականությամբ հաջողություն են բերելու Փաշինյանին, այն պարզ պատճառով, որ նա է այդ «ստանդարտների» չեմպիոնը:

Փաշինյանի հանդեպ հաջողության համար պահանջվում են հանրության հետ հարաբերության այլ ստանդարտներ:

Չգիտեմ, թե որքանով է պրոցեսին կարողանում լիարժեք տիրապատել Կարապետյանն ինքը, որովհետեւ խոշոր հաշվով նրան կալանատանը պահելու հաշվարկը թերեւս ներառում է նաեւ դա, այսինքն՝ էապես սահմանափակել թիմի մենեջմենթի նրա անձնական հնարավորությունը: Բայց կարծում եմ, որ հանրության հետ հարաբերության «ստանդարտների» իմաստով կա խնդիր, ու թեեւ այդ խնդիրները կարող են թվալ մանր, սակայն ժամանակի ու տարածության մեջ դրանք իրենց քանակի հաշվին մեծ հավանականությամբ կազմելու են «որակ»: «Որակ», բայց որը ավելի շուտ նպաստելու է հենց գործող իշխանությանը:

Leave a Comment