Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞ հավաքական, թե՞ ոչ․ Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու չափանիշների մասին՝ անդրադառնալով նաև կարմիր քարտ ստանալու գործոնին։ Նա ասել է, որ պետք չէ կապել հավաքական չհրավիրվելը խաղադաշտից հեռացվելու հետ։

«Կարմիր քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, և դրա համար պատժել՝ չհրավիրելով հավաքական, շատ վատ է։ Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ ոչ։ Կգա ժամանակը, կվերլուծենք և կհասկանանք»,-նշել է Մելիքյանը։

Մարզիչն ընդգծել է նաև, որ ընտրությունը կատարվում է ոչ միայն խաղային որակների, այլև մարդկային հատկանիշների և նվիրվածության հիման վրա։

«Կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են, բայց ես հասկանում եմ, որ նրանք չպետք է կրեն ազգային հավաքականի մարզաշապիկը։ Միայն ակումբում լավ խաղալը բավարար չէ հրավեր ստանալու համար։ Կան բազմաթիվ հանգամանքներ՝ մոտեցումը, հոգեբանությունը, նվիրվածությունը, լրջությունը։ Ինձ համար հրավերի հարցում վճռորոշ է մարդու տեսակը, քանի որ նա ներկայացնելու է մեր ազգը 10 միլիոն հայ ժողովրդի առջև»,-ասել է գլխավոր մարզիչը։

Leave a Comment