Մալյան. Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է, բայց համակարգված քաղաքական գնահատական չկա

Մալյան. Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է, բայց համակարգված քաղաքական գնահատական չկա

16 հունվարի 2026 – 15:07 AMT

PanARMENIAN.Net – Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հացադուլի ութերորդ օրն է, սակայն համակարգված քաղաքական գնահատական չկա։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա կարևորել է միասնական մոտեցումը քաղբանտարկյալների հարցում:

«Երկու ամիս առաջ «կրելու ենք» ընդդիմությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել քաղբանտարկյալների թեմայով: Լսումների հիմնական նարատիվը այն էր, որ անկախ տարաձայնություններից պետք է համախմբվել քաղբանտարկյալների թեմայի շուրջ: Լսումների ընթացքում հնչեցին խրոխտ ելույթներ միասնականության անհրաժեշտության և քաղբանտարկյալների թեմայի կարևորության մասին: Լսումների ավարտից հետո ինչ որ թուղթ էին շրջանառում, որի տակ ստորագրողները պարտավորվում էին առնվազն քաղբանտարկյալներին свой-чужой չտարանջատել։

Իրականության մեջ սակայն ոչինչ չփոխվեց: Լսումներից հետո շարունակվում է «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին» մոտեցումը։

Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է: Առ այս պահը չկա համակարգված քաղաքական գնահատական այդ քայլին։ Ես բացի ՀՀԿ-ականներից չեմ տեսնում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների անտիֆեյքի կազմակերպած ի պաշտպանություն ակցիաներին: Սա այն դեպքում, երբ Սամսոնյանը լուսաբանել և անձամբ մասնակցել է բոլոր նմանատիպ միջոցառումներին մի կողմ դնելով (երբեմն խոր) հակասությունները բանտարկված մարդկանց հետ»,-գրել է նա:

Մալյանը հավելել է, որ համանման լռություն է վարչապետի ընդդիմադիր միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի դեպքում:

«Դատարանի բակում Համբարձումյանի հազարավոր աջակիցների մեջ փնտրեցի ու այդպես էլ չգտա որևէ մեկին օրինակ «Հայաստան» դաշինքից կամ «Մեր ձևով» շարժումից։

Ինչի՞ մասին է խոսքը, առ այս պահը նույնիսկ չգիտենք քաղբանտարկյալների կոնկրետ թիվը»,-գրել է նա:

Մալյանը նշել է, որ մասնակցելու է «Անտիֆեյքի» բողոքի ակցիային ԲԴԽ դիմաց:

«Ես կլինեմ այնտեղ, որովհետև Նարեկի հացադուլը առաջին հերթին իրական ընդդիմության իրական միասնականության նպատակն ունի»,-գրել է նա:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավորՄանվելՇահվերդյանի նախագահությամբ, որոշել է 3 ամիսով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իր ձևակերպմամբ՝ «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։

Leave a Comment