Ոստիկաններին վրաերթի են ենթարկել և փախուստի դիմել․ երկու անձ ձերբակալվել է

Հասարակություն

16.01.2026 | 14:46

Երևանի Գյուրջյան փողոցում հունվարի 15-ին երկու ոստիկանների վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու ձերբակալված կա։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

«Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)»,- փոխանցեցին իրավապահ կառույցից։

Հաղորդվում է, որ նախաքննությունը շարունակվում է։ 

Երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողների օրինական «կանգառ» պահանջին և վրաերթի ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների, վարորդն ու ուղևորը փախուստի դիմել։ Ըստ լրատվամիջոցի՝ գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։ 

Անի Թամրազյան

Leave a Comment