16 հունվարի 2026 – 13:47 AMT
PanARMENIAN.Net – Փաստերի ստուգման հարթակ fip.am-ը անդրադարձել է հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից արված հայտարարություններին՝ պարզաբանելով, որ նրա խոսքերը լրատվամիջոցներում ու քաղաքական դաշտում աղավաղվել են։
Նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ նախագծին։ Նրա հայտարարությունները հայաստանյան մեդիան ու քաղաքական որոշ շրջանակներ ներկայացնում են աղավաղված, Ֆիդանին վերագրում արտահայտություններ, որոնք նա չի արել։
Նշվում է, որ Ֆիդանը խոսել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ TRIPP նախագծի (Trump Route to International Peace and Prosperity) շրջանակում, որը քննարկվել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոնում կայացած այցի ընթացքում։
Ֆիդանն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված այս համաձայնագիրը կավարտվի ստորագրմամբ, և որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում առաջ շարժվել կայունության և բարեկեցության ճանապարհով։ Ներկայումս այս կամքը կա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարությունների մոտ․ երեք կողմերն էլ ունեն այդ մտադրությունը, և կան ընդամենը մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը»։
Ֆիդանը նաև նշել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին ընտրություններ են սպասվում, և դրանք կարևոր փուլ են լինելու։
Նա հավելել է. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»։
Հայաստանյան լրատվամիջոցներից և քաղաքական շրջանակներից մի քանիսը Ֆիդանի հայտարարությունները մեկնաբանել են որպես ուղղակի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։
«Ֆիդանի պաշտոնական հայտարարության մեջ չկա որևէ ձևակերպում, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ընտրություններին կամ պաշտոնապես աջակցում է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու։
Եթե ավելի պատկերավոր, ապա Թուրքիայի արտգործնախարարի խոսքում նշվում է, որ լինելու են ընտրություններ, հարցումներով Փաշինյանն առաջատար է և վերջապես՝ Թուրքիան գնահատում է նրա կառուցողական դերակատարումը՝ տարածաշրջանային և միջպետական գործընթացներում։
Այսպիսով՝ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ և քաղաքական շրջանակներ վերագրել են Ֆիդանին արտահայտություններ, որոնք նրա խոսքում իրականում չեն եղել՝ ստեղծելով կեղծ տպավորություն այն մասին, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ներքին քաղաքական հարցերին»,-ասվում է հրապարակման մեջ:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում սուտ է որակել շրջանառվող այն հրապարակումները, թե Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում «Թուրքիան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Մասնավորապես նա անդրադարձել էր «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այն գրառմանը, թե «մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից»: