Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

Զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է, հայտնել է ՔԿ-ն։

 

Ըստ հրապարակման՝ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի առավելագույն ժամկետով):

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

 

ՊՆ N զորամասի զինծառայողի դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր հունվարի 14-ին։

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 13-ին հայտարարել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ սպանվել է, ընդհանուր առմամբ, 30 զինծառայող, որոնցից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում, իսկ 24-ը՝ ծառայության հետ կապ չունեցող, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային վթարներ և հնարավոր հիվանդություններ։

Leave a Comment