Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի սան Արմեն Հովհաննիսյանը ոչ միայն դասերն է սովորում, այլ նաև զբաղվում է մեղվաընտանիքների խնամքով. ուսումնասիրում է մեղուների դերն էկոհամակարգում, գրի առնում նրանց վարքը, ինչպես նաև մեղրից ստանում բնական կոնֆետներ։ Այս գործով են զբաղվում դպրոցի մյուս աշակերտները ևս։


Իսկ ահա Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի սաները ստեղծել են կրթական, գիտական կանաչ այգի՝ հենց դպրոցի տարածքում։ Նրանք պատրաստել են սարքեր, որոնց միջոցով չափում են օդի խոնավությունը, իրազեկվում հնարավոր տեղումների մասին և այլն։ Շնորհիվ ճիշտ ընտրված բուսատեսակների՝ դպրոցի նախկինում ամայի տարածքն այսօր կանաչապատ է:
Համայնքային այս դպրոցներն ակտիվ մասնակցում են էկոակումբների ծրագրերին, որոնք իրականացվում են «Էյ-Թի-Փի» (Armenia Tree Project) կազմակերպության կողմից։ Հանրապետության գրեթե բոլոր մարզերում գործում են թվով 44 էկոակումբներ։ Արդեն 4-րդ տարին է, ինչ իրականացվում է այս ծրագիրը։ «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրերի ղեկավար Իզաբել Շատոյանն ասում է՝ ոչ բոլոր դպրոցները կարող են ներգրավվել, քանի որ կան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն։


Երևանի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերի էկոակումբների սաները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ պարզելու, թե որ գաղափարն է արժանանալու մրցանակի։
Ընտրությունը բարդ է, ասում է ժյուրիի անդամ, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Սամվել Մարտիրոսյանը։ Այսուհանդերձ, յուրաքանչյուր տարի նոր բացահայտումներ են անում նաև ժյուրիի անդամները՝ տեսնելով նոր սերնդի գաղափարները, պատրաստակամությունն ու ակնատես լինելով արժեհամակարգի փոփոխությանը։ Բացի այդ, կարևոր է, որպեսզի աշակերտները բացահայտեն այն համայնքները, որտեղ ապրում են։ Արժեքահեն կրթության փորձագետ Հռիփսիմե Խանզադյանը էկոկրթությունը համարում է կրթության առանցքը։


Այն դպրոցականները, որոնց էկոգաղափարներն արժանացան ժյուրիի ուշադրությանը, «Էյ-Թի-Փի» կազմակերպության կողմից ստացան խրախուսական պարգևներ։ Ծրագիրը կշարունակվի նաև այս տարի՝ ակնկալիքով, որ ավելի մեծ թվով դպրոցներ կներկայացնեն մասնակցության հայտեր, և ավելի շատ «կանաչ» ծրագրեր կյանքի կկոչվեն։