Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Թրամփին. Վենեսուելայի ընդդիմության առաջնորդն իր պարգևը հանձնել է նրան


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին հայտնել է, որ հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի իր մեդալը։

Նա չի մանրամասնել, թե արդյոք ամերիկացի առաջնորդը ընդունե՞լ է մրցանակը, որը ստանալու ցանկություն նա նախկինում բազմիցս արտահայտել էր։

Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ նա ընդունել է։

«Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար», – ասել է Մաչադոն Թրամփի հետ իր առաջին անձնական հանդիպումից հետո։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Կարակասում գերեվարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Թրամփը հրաժարվել է աջակցել Մաչադոյին որպես երկրի նոր առաջնորդ, չնայած նրա գլխավորած շարժումը հաղթանակ է տարել 2024 թվականի ընտրություններում։

Փոխարենը, նա գործ ունի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի իշխանության թիմի փոխնախագահն էր:

Սպիտակ տնից դուրս գալուց հետո Մաչադոն դիմելէ դարպասների մոտ հավաքված քաղաքացիներին և, ըստ Associated Press-ի, իսպաներենով ասել նրանց. «Մենք կարող ենք հույս դնել նախագահ Թրամփի վրա»։

«Ես Միացյալ Նահանգների նախագահին հանձնեցի Նոբելյան խաղաղության մրցանակի իմ մեդալը», – անգլերենով լրագրողներին ասել է Մաչադոն՝ նրա քայլը անվանելով «մեր ազատության նկատմամբ նրա եզակի նվիրվածության ճանաչում»։

Նշենք՝ անցյալ շաբաթ, երբ Մաչադոն հայտարարել է, որ սեփական մրցանակը կկիսի Թրամփի հետ,  Նոբելյան կոմիտեն արձագանքել ու պարզաբանել է, որ այն չի կարող փոխանցվել։

«Երբ հայտարարվում է Նոբելյան մրցանակ, այն չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել մեկ այլ անձի: Որոշումը վերջնական և մշտական է»,- ասվում էր կոմիտեի անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ։

Սպիտակ տան նիստից առաջ Նոբելյան խաղաղության կենտրոնը «X»-ում գրառում էր արել, որ «մեդալը կարող է ձեռքից ձեռք անցնել, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի տիտղոսը՝ ոչ»։ Սակայն Մաչադոն հիշել է, թե ինչպես Ամերիկյան հեղափոխական պատերազմի վետերան Մարկիզ դը Լաֆայետը Վենեսուելայի հիմնադիրներից մեկին՝ Սիմոն Բոլիվարին, Ջորջ Վաշինգտոնի պատկերով մեդալ է նվիրել։

«Եվ 200 տարի անց Բոլիվարի ժողովուրդը Վաշինգտոնի ժառանգորդին վերադարձնում է մեդալ՝ այս դեպքում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը՝ ի նշան մեր ազատության նկատմամբ նրա եզակի նվիրվածության», – հայտարարել է նա:

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Մաչադոն այցելել է նաև Կոնգրես, որտեղ հանդիպել է ԱՄՆ սենատորների հետ։ Կոնգրեսի շենքի դրսում նրան դիմավորել են կողմնակիցները՝ թափահարելով Վենեսուելայի դրոշներ և վանկարկելով «Մարիա, նախագահ»։ Ակնկալվում էր, որ Մաչադոն կօգտագործի Թրամփի հետ հանդիպումը՝ փորձելով համոզել նրան, որ Ռոդրիգեսի ժամանակավոր կառավարությանը աջակցելը սխալ է, և որ իր ընդդիմադիր կոալիցիան պետք է ստանձնի անցումային իշխանության ղեկավարումը։

Հանդիպումից առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտն ասել է, որ Մաչադոն «հրաշալի և քաջարի ձայն է շատ վենեսուելացիների համար» և որ Թրամփը անհամբեր սպասում է այս հանդիպմանը և ակնկալում է անկեղծ և դրական քննարկում Վենեսուելայում կյանքի ներկայիս իրականության վերաբերյալ։

Թրամփը նախկինում Մաչադոյին անվանել էր «ազատության մարտիկ», բայց մերժել էր Մադուրոյի տապալումից հետո նրան Վենեսուելան ղեկավարելու համար նշանակելու գաղափարը՝ պնդելով, որ նա ներքին աջակցություն չունի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

55 դիտում

Leave a Comment