Մաչադոն Թրամփին է նվիրել իր Խաղաղության Նոբելյան մրցանակը․ Նոբելյան կենտրոնն արձագանքել է

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հինգշաբթի ժամանել է Սպիտակ տուն, և իր հետ բերել է այն նվերը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց էր երազում։ Խոսքը Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին է, գրում է CNN-ը։

Մաչադոն, որը Վենեսուելայի նախկին  առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի խիստ քննադատն էր, մրցանակը ստացել էր անցյալ տարի ժողովրդավարացմանն ուղղված  իր ջանքերի համար։ Այժմ նա մրցանակը թողնում է Սպիտակ տանը՝ հույս ունենալով, որ այդ ժեստը կարող է նպաստել ԱՄՆ-ի աջակցությանը Վենեսուելան առաջիկայում ղեկավարելու գործում։

Սպիտակ տան կողմից հրապարակված լուսանկարում Թրամփը Մաչադոյի կողքին է՝ ձեռքին մեծ ոսկե շրջանակով հուշատախտակ, որի վրա մեդալն է. «Նվիրաբերվում է որպես Վենեսուելայի ժողովրդի անունից երախտագիտության անձնական խորհրդանիշ՝ ի նշան նախագահ Թրամփի սկզբունքային և վճռական գործողությունների՝ ազատ Վենեսուելա ապահովելու համար»։

«Մարիան ինձ հանձնեց իր Նոբելյան խաղաղության մրցանակը՝ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Ավելի ուշ Մաչադոյին լուսանկարել են Սպիտակ տնից դուրս գալիս՝ ձեռքին Թրամփի ապրանքանիշով գնումների պայուսակ։

Օսլոյում գտնվող Նոբելյան խաղաղության կենտրոնն անմիջապես վերահաստատել է, որ կոչումը չի կարող կիսվել կամ փոխանցվել։

«Մեդալը կարող է փոխել տերերին, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ», – նշել է կոմիտեն X-ում։

Մինչդեռ, Մաչադոն լավատեսորեն է գնահատել իր հանդիպումը՝ այն անվանելով «պատմական» և «անսովոր»։

Չնայած Վաշինգտոնի կողմից Մաչադոյին և Գոնսալեսին նախկինում ցուցաբերած աջակցությանը, Թրամփը Մադուրոյի ձերբակալությունից հետո չաջակցեց ընդդիմությանը։ Փոխարենը, նա իր աջակցությունը հայտնեց Ռոդրիգեսին՝ մի քայլ, որը ապշեցրել է  Մադուրոյի դեմ հանդես եկող շատ գործիչների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը հայտարարել է, որ Թրամփի գնահատականը Մաչադոյի վերաբերյալ չի փոխվել։

«Գիտեմ, որ նախագահը անհամբեր սպասում էր այս հանդիպմանը և ակնկալում էր, որ այն լավ և դրական քննարկում կլինի տիկին Մաչադոյի հետ, ով իսկապես ուշագրավ և քաջարի ձայն է Վենեսուելայի շատ բնակիչների համար», – ասել է  Լիվիթը։

Սակայն նա հավելել է, որ Թրամփը պնդում է իր նախկին պնդման վրա, որ Մաչադոն չունի անհրաժեշտ աջակցությունը Վենեսուելան ղեկավարելու համար։ «Այս պահին նրա կարծիքը այդ հարցի վերաբերյալ չի փոխվել», – ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment