Ինչով կարող են միմյանց շահագրգռել Երեւանն ու Աշխաբադը. հայ-թուրքմենական գործարար համաժողով

Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու և  երկկողմ փոխգործակցության զարգացմանը նպաստելու նպատակն էր հետապնդում հունվարի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված  հայ-թուրքմենական գործարար համաժողովը։

 Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության` ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է, որ անկախության առաջին տարիներին Հայաստանը հենց Թուրքմենստանից էր ներմուծում իրեն անհրաժեշտ գազը, և այդ շրջանում առկա էր ակտիվ ապրանքաշրջանառություն։ Գազամատակարարման դադարումից հետո գրանցվեզ է առևտրի ծավալների անկում, թեև վերջին տարիների ցուցանիշներն արձանագրում են աճի դինամիկա։ Նրա գնահատմամբ՝ առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և  համանման գործարար համաժողովները լավ խթան կարող են հանդիսանալ երկկողմ առևտրային ու տնտեսական կապերի հետագա ընդլայնման համար բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ, ոսկերչական, տեքստիլ, զբոսաշրջային, գյուղատնտեսական, շինարարական  և այլ ուղղություններով։

Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Բեգենչ Արազովը անդրադարձել է գործակցության այն ուղղություններին, որոնցով հետաքրքրված են թուրքմեն գործարարները։ Վերջիններս առաջարկում են համագործակցել թուրքմենական ապրանքների ձեռքբերման և հայկական արտադրանքի, հատկապես՝ ոսկերչական իրեր, ալկոհոլային խմիչքներ, հայկական մրգերի և բանջարեղենի պահածոներ, արտահանելու և թուրքմենական շուկա ներմուծելու հարցում։ Թուրքմեն գործընկերները շահագրգռված են նաև  ՏՏ և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության հաստատմամբ ու համատեղ ծրագրերի մշակմամբ։

«Թուրքմենստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով իր արտադրական, ագրարային և լոգիստիկ ներուժը, ինչպես նաև կայուն պահանջարկով ապրանքների մեծ սպեկտրի նկատմամբ։ Մրցակցային առավելություններ ունի արտադրական բամբակի, տեքստիլային հումքի, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս կոոպերացիոն շղթաների, համատեղ արտադրությունների ստեղծման և երկու երկրների ձեռնարկությունների միջև համագործակցության համար»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։

Leave a Comment