ՀՀ վարչապետի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին պատկանող 0.003 (հա) հողամասը պոմպակայան կառուցելու նպատակով կամրացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային համակարգով։
«Որպես նվիրատվություն գույք ընդունելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից իրականացվող «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» թիվ CIP II-P3-AWSC LOT 3/1 պայմանագրով հանրապետության մի շարք բնակավայրերում, իրականացվում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքներ։
Պայմանագրի շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքներն իրենց մեջ ներառում են նաև նոր՝ օրվա կարգավորման ջրամբարների, կապտաժների, պոմպակայանների, քլորակայանների կառուցուման աշխատանքներ, որոնց համար պետք է կատարվեն հողհատկացումներ։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրում ջրամատակարարումը պատշաճ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտ է կառուցել կապտաժ։
Գույքի հետ կապված խնդիրների կարգավորման և պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն Նախագծի ընդունումը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ ջրամատակարարման համակարգերի ծառայությունների մատուցման բարելավումն է:
Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծի ընդունման նպատակը Սևան համայնքի Սեմյոնովկա 21 հողամաս հասցեում կապտաժ կառուցելու արդյունքում այդ համակարգը հետագայում վարձակալությամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելն է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք` Նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի կողմից:
Ակնկալվող արդյունքը` Նշված Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Ջրային կոմիտեին և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը կազմակերպելու պետական գույքի համալրումը և հաշվառումը` Հայաստանի Հանրապետության հաշվապահական ստանդարտներին համապատասխան, ինպես նաև ջրամատակարարման համակարգերի հուսալի և անվտանգ շահագործումն ու Հայաստանի Հանրապետության խմելու ջրի որակի ստանդարտներին համապատասխան ջրի մատակարարման ապահովումը:
Տեղեկատվություն՝ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, ինչպես նաև այլ նորմատիվ ակտեր ընդունել անհրաժեշտ չէ։
Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերի, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 77.11 կետից։
Այսպիսով․
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոց 16/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 06022024-05-0049, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 05-005-0167-0102, հողամասի մակերեսի չափը (հա)՝ 0.003) հողամասը՝ 36,630 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հետագայում պոմպակայան կառուցելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոփոխելու համապատասխան գործընթացները՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին։