Ինչո՞ւ են այսօր բազմանում «ստուկաչները»

Իմ պատանեկության տարիներին, համենայնդեպս, իմ միջավայրում քարոզվում էին սկզբունքներ, որոնց ծագումնաբանությունը խառն էր՝ կային ե՛ւ տոհմական, ազգային ավանդույթներ («դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց, մենք եկեղեցիներ ենք կառուցել»), ե՛ւ որոշակի, յուրահատուկ հասկացված ու վերամշակված քրիստոնեական եւ, մի՛ զարմացեք, կոմունիստական սկզբունքներ:

Կոմունիստական ռեժիմն, անշուշտ, բազմաթիվ հանցագործություններ է կատարել, բայց այն, ինչ, գուցե երեսպաշտորեն, քարոզվում էր, ուներ որոշակի դրական իմաստ՝ հավատարիմ լինել ընկերներին, չխաբել, նյութական բարիքների հետեւից չընկնել: Այո, այդ սկզբունքներն ամեն օր կոպտորեն խախտվում էին՝ մարդիկ մատնագրեր էին գրում, գողանում էին եւ հարստանում, բայց շատերի հոգում վերը հիշատակված ճիշտ սկզբունքները՝ համեմված, կրկնեմ, ազգային, տոհմական, կրոնական ավանդույթներով, բարի սերմեր է գցել:

Հետխորհրդային տասնամյակների ընթացքում, վախենամ, նման սերմեր չեն ցանվել: Երբ ես տեսնում եմ միջին տարիքի՝ 30-40 տարեկան ուսուցիչների, դասախոսների կամ հոգեւորականների, որոնք ԱԱԾ-ի կամ որեւէ այլ պետական մարմնի թելադրանքով ամենաստոր սովետական ոճով մատնագրեր են գրում կամ նման բովանդակության ելույթներ են ունենում, ես զգում եմ, որ ավետարանական կամ աշխարհիկ պատվիրաններն այդ մարդկանց կողքով են անցել: Իհարկե, ներկայիս իշխանությունը մեծապես նպաստում է այդ մթնոլորտին. նրանք խրախուսում են «ստուկաչությունը»՝ բա «գիտե՞ք այս մարդը դասի ժամանակ ինչ է ասել, կամ այն մարդը հիմնարկում սուրճ խմելուց ինչեր էր խոսում»:

Բայց ես դեմ եմ ամեն ինչ իշխանության վրա գցելուն՝ դա մի տեսակ ազատում է մեզ պատասխանատվությունից: Այն հոգեւորականները, որոնք ստորագրում են Փաշինյանի նախաձեռնած եւ կաթողիկոսի պաշտոնանկությանն ուղղված թղթի տակ, ինձ համար նույնպես մատնագիր գրող են: Նրանք այդ ստորագրությամբ փաստացի ասում են՝ «Փաշինյանը ճիշտ է, որ ազատազրկում է հոգեւորականներին, ճիշտ է, որ պարտադրում է (նաեւ ԱԱԾ-ի միջոցով) Պատարագի ժամանակ զեղչել Վեհափառի անունը, ճիշտ է, որ որոշում է, թե ում կարելի է կարգալույծ անել, ում՝ ոչ, ում կարելի է թեմի առաջնորդ նշանակել, ում՝ ոչ»: Դա ոչնչով չի տարբերվում 1930-ական թվականներին «Պրավդա» թերթին ուղղված նամակներից, որոնցում այն ժամանակվա «ստուկաչները» ողջունում էին «ժողովրդի թշնամիների» դեմ իրականացվող ռեպրեսիաները:

Այնպես որ՝ թող իրենց հիմարի տեղ չդնեն՝ անհեթեթ արդարացումներ հնարելով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment