Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտնել է, որ Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Reuters-ը։
«Ես նախագահ Թրամփին պատմեցի, որ 200 տարի առաջ գեներալ Լաֆայետը Սիմոն Բոլիվարին փոխանցել էր մի մեդալ՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատկերով։ Այդ ժամանակվանից Սիմոն Բոլիվարը երբեք չի բաժանվել այդ մեդալից։ 200 տարի անց Բոլիվարի ժողովուրդը ԱՄՆ նախագահին` Վաշինգտոնի ժառանգորդին, հանձնում է Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը՝ որպես մեր ազատության հանդեպ նրա նվիրվածության ճանաչում»,- ասել է Մաչադոն։
Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ դա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ էր։
«Նա հրաշալի կին է, որը շատ բան է վերապրել։ Մարիան ինձ հանձնել է Նոբելյան խաղաղության մրցանակը՝ իմ կատարած աշխատանքի համար»,- գրել է նա Truth Social-ում։
Դրանից հետո Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ մրցանակը չի կարող փոխանցվել այլ անձանց։
«Երբ Նոբելյան մրցանակը հայտարարվում է, այն չի կարող չեղարկվել, բաժանվել կամ փոխանցվել այլ անձանց։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մնում հավիտյան։ Մեդալը կարող է փոխել սեփականատիրոջը, սակայն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ»,- ասված է կոմիտեի X-ում հրապարակված հայտարարության մեջ։