Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մամուլի ասուլիս է տվել «Ալբասետեից» կրած պարտությունից հետո, որի հետևանքով մադրիդցիները դուրս են մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից։
«Այս ակումբում նույնիսկ ոչ-ոքին ողբերգություն է համարվում, պատկերացրեք՝ ինչ է նշանակում նման պարտությունը։ Գիտեմ՝ մեր երկրպագուները նույնպես հիասթափված են։ Գիտակցում ենք իրավիճակի բարդությունը, և այստեղից միայն մեկ ելք կա՝ բարելավել խաղը։
Պատասխանատուն ես եմ, քանի որ որոշումները՝ ներառյալ փոփոխությունները, ես եմ կայացրել: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել տղաներին ջանքերի համար և փորձել վերականգնել նրանց տրամադրությունը։ Համոզված էի, որ հայտացուցակը ճիշտ էր ընտրված, և հիմա էլ նույն կարծիքին եմ։
Մենք հիանալի թիմ ունենք, բացառիկ կազմ և տարբերություն ստեղծող ֆուտբոլիստներ։ Նրանց համար էլ հեշտ չէ։ Ես նորից նույն կերպ կվարվեի: Ես չեմ վախենում ձախողումից։ Հասկանում եմ նրանց, ովքեր ցանկանում են դա այդպես որակել։
Եթե ինչ-որ բան սովորել եմ, ապա դա այն է, որ ձախողումը հաջողության տանող ճանապարհն է, այն մեզ ավելի լավը կդարձնի»,-ասել է Արբելոան։