Մի կանգառի պատմություն – Ազգ

Երևանում հանրային տրանսպորտի կանգառի վայրերը թերևս մի քանի հազար են: Դրանցից մեկն է Ռուբինյանց փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ գտնվողը, որից օրվա ընթացքում մի քանի հազար մարդ է օգտվում, նստում ու իջնում: Խոսքս առավելապես առաջինների մասին է, տարբեր տարիքի ու կազմի մարդկանց՝ կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու ավագների, ծխողների ու զրուցասերների, հանգիստ ու անհանգիստ բնավորություն ունեցողների, մի խոսքով` վերջին տասնամյակներին երևանցի դարձած հայաստանցիների: Նրանց թվում են  մերձակա շենքերում բնակվող շախմատի գրոսմայստեր ու մարմնամարզության աշխարհի գավաթակիր, դասախոս ու նախարարությունների տարբեր աստիճանների պաշտոնյաներ, ուսանողներ ու արդեն ընտանիք կազմած զույգեր, փոքրիկների հետ ու ուսապարկերով երթևեկողներ… ինչո՞ւ եմ այսչափ մանրամասնում՝ մի պարզ պատճառով, եթե երևանյան հազարավոր տրանսպորտային կանգառներ անվանվող վայրերը ինչ-որ նշումներ ունեն, նաև ծածկով նստարաններ, Ռուբինյանց 17 հասցեում տեղակայվածում այդպիսիք բոլորովին չկան: Մարդիկ, ովքեր րոպեներ անց «կմուծվեն» հերթական 150 դրամով, արևի ու անձրևի, ձյան ու քամու ազդեցություններին են ենթարկվում, քրտնում ու թրջվում, մրսում ու սրթսրթում, իրենց այս ստորացուցիչ վիճակն անիծում: Այս ամենի հետևանքով ծնվեց Երևանի քաղաքապետին ուղղված ներքոհիշյալ դիմումը:

Երևանի քաղաքապետ պրն. Տ. Ավինյանին

Դիմում

Թեև Երևանի քաղաքապետարանը ըստ քաղաքացուս «չէ»-ի ու «ոչ»-ի կառույց է, այսուհանդերձ երկար ժամանակ տարբեր ժամերի հայտնվելով Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի մերձակա կանգառում արևի ու անձրևի, նաև դիտելով ձյան ու քամու պայմաններում շարժակազմերի սպասող մարդկանց խեղճացած դեմքերը, որոշեցի մի կողմ դնել անտարբերի պահվածքս:

Տարվա սկզբին հիշյալ կանգառում, անցորդների համար նախատեսված մայթին մեկ նստարան հայտնվեց, հետո երկրորդը, որոշ ժամանակ անց երրորդը, հիմա` 4-րդը: Մայթը պարզապես խլվեց անցորդներից, որոնք ստիպված են երթևեկելի հատվածից օգտվել, վտանգը անտեսել: Իսկ հարևանությամբ 15×5 մետր անխնամ տարածք կա, զույգ աստիճանների միջև, որտեղ կարելի է սրահ – կանգառ կառուցել, քանզի այստեղով են երթևեկում մոտակա 18, 16, 9 մի քանի բարձրահարկերի ու 4 – 5 հարկանի մի քանի տասնյակ շենքերի հազարավոր բնակիչները: Հավելեմ, որ տարածքում չկա թեքահարթակ, որի պատճառով մանկասայլակներով այստեղ հայտնվողները աջ ու ձախ են նայում, մինչ օգնող մեկին գտնեն վերև կամ ներքև անցնելու համար: Էլ չեմ խոսում հաշմանդամների մասին:

Կարդացեք դիմումս Ձեր հավաքներից մեկում և հարցրեք, թե արդյո՞ք մեկը չկա այս կանգառից օգտվող, ով ավելորդ է համարում այս մասին խոսել:

Է, է, է, ում ինչ եմ ասում… թե՞ ճիշտ չեմ:

Քաղաքացի…
 

Օրեր անց հեռախոսազանգ եմ ստանում: Քաղաքապետարանի պաշտոնյան հետաքրքրվում է սրահ – կանգառ արտահայտությունից, որին ի պատասխան տեղեկացնում եմ, որ այն հարմարությունները, որոնք տեղադրված են կանգառներում, հազիվ 6 – 7 երթևեկողի են բավարարում, իսկ հիշյալ կանգառում օրվա ընթացքում, տարբեր ժամերի մինչև 30 – 40 մարդ է կուտակվում, որոնք ծածկի կարիք ունեն: Սրահի պարագայում ընդլայնվում է առաջնահերթ այլ ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են ավտոմատ սարքերով սուրճի, հյութերի, բուտերբրոդների վաճառքի կազմակերպումը: Լավագույն սպասումով բաժանվում ենք:
Օրեր անց ստանում եմ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի ստորև տպագրվող հետևյալ պատասխանը:

Քաղաքացի Գեղամ Քյուրումյանին

Երևանի քաղաքապետին հասցեագրած ձեր 24.10.2025 դիմումի առնչությամբ, կապված Ռուբինյանց 17 հասցեի հարակից ճանապարհահատվածում առկա հասարակական տրանսպորտի կանգառի կետը կանգառասրահով կահավորելու և բարեկարգելու հարցերի հետ, հայտնում եմ, որ «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվությամբ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հանրային տրանսպորտի լայնածավալ արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև կանգառասրահների տեղակայման և  տեխնիկական վիճակի ուսումնասիրություն:

Ձեր կողմից նշված կանգառը ներառված է կանգառասրահների նախնական ցանկում, տվյալ հատվածում կանգառի բարեկարգումը և կանգառասրահի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2026 թվականի ներդրումային ծրագրի շրջանակներում, եթե տվյալ հասցեի համար հաստատվի ներդրումային մասնակից:

Նկատեմ. նման մի պատասխան ստացել էի մասամբ հեռավոր 2013 թվականին: Թե ինչ է նշանակում «եթե տվյալ հասցեի համար հաստատվի ներդրումային մասնակից» ձևակերպումը, փորձեցի ճշտել պատասխան գրությունում նշված այն կատարող պաշտոնյայի հետ, որը պարզվեց պատահարի պատճառով մոտակա օրերին աշխատանքի չի լինելու: Առաջարկվեց խոսել Երտրանսի 060651488 հեռախոսահամարի պաշտոնյայի հետ, որը զրույցը ընդհատեց թեքահարթակների շուրջ խոսույթը սկսելուց անմիջապես հետո: Հիշենք, որ քաղաքապետարանի պատասխանում ոչ մի ակնարկ չկար այդ առումով: Պարզ մի բացատրություն. եթե մանկասայլակներով կանգառում հայտնվողներն ինչ-որ ձևով լուծում են իրենց հոգսը, նույնը չի կարելի ասել հաշմանդամության սայլակով շարժվողների մասին, ովքեր ստիպված են մոտ 500 մետր 3 փողոցներ շրջանցելով կանգառ հասնել:

Է, է, է, ում ինչ եմ ասում… թե՞ սպասենք 2026 թվականի ներդրումային ծրագրի իրականացմանը, ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս էլ երախտագիտության արտահայտմանը:
Հավատանք հրաշքներին:

Մեկ էլ հիշենք «Ասեք՝ անենք» ավինյանական կարգախոսը: Առնվազն մի քանի հազար օրը նվազագույնը 300 դրամ «մուծվող» քաղաքացիներով խնդրում ու պահանջում ենք՝ կառուցեք Ռուբինյանց 17 հասցեի կանգառասրահը, լուծեք մեր արժանապատիվ երթևեկելու իրավունքը, քանզի ինչքան դա մեզ է պետք, կրկնակի ձեր պարտականությունն է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հազարներից մեկը

13.01.2026թ.

Leave a Comment