Այսօր նաև Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որը նաև սիրելի Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է:

Տոնի առիթով, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմ բերվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։

Սուրբ Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականներ, վանականները, ուխտավոր, հավատավոր զավակներ:

Օրվա Պատարագիչն էր՝ Աշտարակի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Հընթացս Պատարագի խոսված իր քարոզում Տեր Հայրն հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և պատգամեց Տիրոջն հավատարիմ և աղոթական կյանքով ապրել:

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների և հայորդիների, գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Աղոթում ենք և մաղթում, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ Տերն Իր լիառատ օրհնությամբ լցնի ամենքի կյանքը և Աստծո սերն ու ողորմությունը չպակասեն մեր կյանքից:

 

Արագածոտնի Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment