Թուրքիան հավանություն չի տալիս ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Իրանին, Սիրիային և Միացյալ Նահանգներին վերաբերող զարգացումներին՝ ընդգծելով Թուրքիայի հանձնառությունը տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։ Turkiye today-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Անկարան վաղուց առաջնահերթություն է տվել տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։

Ֆիդանը Իրանի պատժամիջոցների տակ անցկացրած տարիները և շարունակվող քաղաքական մարտահրավերները մատնանշել է որպես տարածաշրջանային դինամիկան ձևավորող հիմնական գործոններ։ Նա նշել է, որ Թուրքիան կիսվում է իր տեսակետներով Իրանի հետ և ուշադիր հետևում է այդ երկրի զարգացումներին՝ ընդգծելով, որ Իրանում տեղի ունեցող ցանկացած զարգացում անմիջականորեն ազդում է Թուրքիայի վրա։

Նա ընդգծել է նաև, որ Թուրքիայի առաջնահերթությունն է՝ խուսափել ցանկացած իրավիճակից, որը կարող է հանգեցնել ուժի կիրառման։ Ֆիդանը հիշեցրել է, որ Իրանը 12-օրյա պատերազմի ընթացքում ենթարկվել է Իսրայելի, իսկ ավելի ուշ՝ Միացյալ Նահանգների հարձակումներին՝ հավելելով, որ Թուրքիան հավանություն չի տալիս նման զարգացումների կրկնությանը։ Թուրք պաշտոնյան հույս է հայտնել է, որ դիվանագիտական ​​ջանքերը կշարունակվեն և ԱՄՆ-ն ու Իրանը կլուծեն իրենց խնդիրները՝ կա՛մ միջնորդների, կա՛մ ուղղակի բանակցությունների միջոցով։

Ինչ վերաբերում է Գազային, որտեղ հրադադարի ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հայտարարությունից հետո,  ըստ Ֆիդանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է խորապես զգայուն լինել մարդասիրական օգնության նկատմամբ՝ ընդգծելով, որ Գազայում պաղեստինցիների համար կացարանի, դեղորայքի և սննդի պակասը ծանր բեռ է հասարակական խղճի վրա։

Միաժամանակ, նա Իսրայելին մեղադրել է մարդասիրական օգնությունը սահմանափակելու համակարգված և միտումնավոր քաղաքականություն վարելու մեջ։

Ֆիդանը հավելել է, որ երկրորդ փուլում առաջնային առաջնահերթությունը նախկինում համաձայնեցված պաղեստինյան տեխնիկական կոմիտեի կողմից Գազայի վարչական վերահսկողությունը ստանձնելն է, որին կհաջորդի խաղաղության խորհրդի և կառավարող մարմնի ստեղծումը։ Ըստ նրա՝ Թուրքիան ակնկալում է, որ այս քայլերը լիովին կիրականացվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և չնայած իրականացման հետ կապված դժվարությունները հավանական են, Թուրքիան կշարունակի սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ գործընթացի սահուն ընթացքն ապահովելու համար։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ հիմնված է երկարատև փորձի վրա՝ հավելելով, որ հարաբերություններն ու առևտուրը կասեցվել են հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի գործողությունների պատճառով։ Նա ասել է, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ պաղեստինցիների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները դադարեցվեն, և պայմանները վերադառնան նորմալ վիճակի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment