ՄԻՊ-ն առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած գերիների հետ

ՄԻՊ-ն առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած գերիների հետ

15 հունվարի 2026 – 18:13 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունվարի 15-ին հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանից վերջերս վերադարձած Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։

Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ։

Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը բուժհաստատության տնօրեն Միքայել Ադամյանի հետ քննարկել է բժշկական օգնության և սպասարկման իրավունքի հետ կապված հարցեր՝ միաժամանակ իր երախտագիտությունն հայտնելով կենտրոնի բուժանձնակազմին՝ մասնագիտական և պատասխանատու աշխատանքի համար։

Ադրբեջանի իշխանությունները հունվարի 14-ին վերադարձրել են չորս հայ գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Վերջիններս Հակարի կամրջով փոխանցվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Նույն օրը ՀՀ-ն իր հերթին 2020-ին Արցախում ձերբակալված սիրիացի ահաբեկիչներին է փոխանցել Սիրիային՝ Թուրքիայի միջոցով: Հայաստանը ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներին հանձնել է Սիրիային, որպեսզի վերջիններս պատժի մնացած մասը կրեն իրենց երկրում։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը:

Leave a Comment