Առկա է անհրաժեշտ քաղաքական կամք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Թուրքիայի ԱԳՆ

Անկարան կարծում է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը ձևավորել են «անհրաժեշտ քաղաքական կամք»՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։

Երկու կողմերը քննարկել են հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Վաշինգտոնում ստորագրված «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP TIF) գործնական իրականացման վերաբերյալ փաստաթուղթը։

Թուրք նախարարի խոսքով՝ Բայրամովի հետ բանակցությունները տևել են մոտ երկու ժամ, որից հետո ադրբեջանական կողմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է նախաձեռնության պարամետրերի մասին։

Ֆիդանի խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նշանակություն ունի ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ կապն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment