Ջրծաղիկի պատվաստանյութը իրականացնում ենք նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների համար․ Ավանեսյան

Կառավարության հունվարի 12-ի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2026–2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստացման կարգը հաստատելու մասին նախագիծը։

Կառավարության որոշմամբ հաստատվեց հանրային առողջապահության կարևորագույն երաշխիքներից մեկը՝ պատվաստումների ազգային օրացույցը և պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը։

Iravaban.net- ի փոխանցմամբ՝ կան ամենաթիրախային երեք պատվաստումներ, որոնք զրոյից մեկ տարեկան երեխաների համար չեն։ Դրանցից մեկը ՄՊՊ պատվաստանյութն է, որը իրականացվում է 13-ից 16 տարեկան դեռահասների շրջանում՝ ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար, և որը կանխարգելում է քաղցկեղը։ Նախարարը նշել է, որ 2025 թվականին գրանցվել է 48% ընդգրկվածություն, մինչդեռ 2021 թվականին այն կազմել է 10.8%։

Գրիպի դեմ պատվաստումները այս տարի սկսել են շատ ավելի վաղ․ Հայաստանում սեպտեմբերից արդեն առկա են գրիպի դեմ պատվաստանյութերը, և մոտ 200 հազար դեղաչափից շուրջ 95 տոկոսով արդեն իրականացվել են։

Ավանեսյանը ընդգծեց, որ «ջրծաղիկի պատվաստանյութը իրականացնում ենք նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի մեր քաղաքացիների համար»։

Պատվաստման ժամկետների համաձայն՝ մինչև մեկ տարեկան երեխաներին իրականացվում են ԲՑԺ, ԱԿԴՖ, Ռոտա, Պնևմո և ՎՀԲ, այսինքն՝ հեպատիտ Բ-ի պատվաստումները։ Հաջորդիվ՝ արդեն ըստ դեղաչափերի և տարիքի, մեկից երեք և երեքից վեց տարեկան երեխաների դեպքում նույն պատվաստումները կրկնվում են։

Պատվաստումների օրացույցը նույնպես կազմվում է թվային ձևաչափով․ երեխայի կյանքի առաջին օրվանից ձևավորվում է նրա տարիքին համապատասխան հաջորդական օրացույցը, թե ինչ պատվաստումներ պետք է ստանա։

Leave a Comment