Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Նախագծով Արդարադատության նախարարությունը առաջարկում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը: Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց:
Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով:
«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետի համաձայն՝ հեռավար (դիստանցիոն) կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով։
Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.5-րդ կետի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը սահմանելու իրավասությունը վերապահված է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը:
Անազության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրականացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձել են նաև մի շարք միաջազգային-իրավական փաստաթղթերով:
Առաջարկվող փոփոխությունը
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 123-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-րդ կետով, հետևալ բովանդակությամբ.
«3․1 Մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումից դատարանի որոշմամբ կարող է սահմանվել բացառություն՝ կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:
Ընդունմամբ անհրաժեշտություն կազռաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» հրամանում:
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից: