
Այս տարի լրանում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծման 185-ամյակը և մեծ լուսավորչի՝ Դորպատի համալսարանն ավարտելու 190-ամյակը։ Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը նշում է, որ այս առիթներով մշակվել է միջոցառումների հագեցած և հանգամանալից ծրագիր։
Վեպի հոբելյանի կապակցությամբ կհայտարարվի հանրապետական բաց մրցույթ, որին կարող են մասնակցել տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդիկ՝ աշակերտներից մինչև գիտնականներ։ Ծրագրի շրջանակում կհրատարակվեն Աբովյանի «Ուղեգրությունները», իսկ Տարտուի (նախկին Դորպատ) համալսարանի հետ համատեղ կկազմակերպվի միջազգային գիտաժողով։
Տարտուի համալսարանում այսօր էլ վառ են պահում Աբովյանի հիշատակը։ Այնտեղ գործում է նրա անունով լսարան և տեղադրված է նրա քանդակը։ Թանգարանի տնօրենը շեշտում է, որ չափազանց կարևոր է հնարավորինս լայնորեն հանրայնացնել «Վերք Հայաստանին» և ներկայացնել վեպի բացառիկ դերը իր ժամանակաշրջանի համար։