Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ունեն դրա համար անհրաժեշտ կամք. Ֆիդան

«Զանգեզուրի միջանցքը» մեծ նշանակություն ունի ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապ ստեղծելու տեսանկյունից. մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

 «Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ունեն դրա համար անհրաժեշտ կամքը»,-ասել է Ֆիդանը։

Ադրբեջանական APA-ն հայտնում է՝ Ֆիդանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի։

Թուրք նախարարը  նշել է, որ ինքն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են «Թրամփի ուղու միջազգային խաղաղության և բարգավաճման» իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին նույնպես տեղեկացվել է շրջանակային փաստաթղթի մասին։

«ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հրապարակվեց TRIPP-ի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը: Մենք այս հարցի  շուրջ երկու ժամ քննարկումներ ունեցանք իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Մենք կարևորում ենք ադրբեջանական կողմի հեռանկարները: Նախագահ Էրդողանին նույնպես տեղեկացվել է սրա մասին»,-լրագրողներին ասել է Ֆիդանը:

Leave a Comment