Կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար․ Փաշինյանը՝ պարգևավճարների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պետական համակարգում պարգևավճարների վերաբերյալ հրապարակված թվերին։

Վարչապետը նշել է, որ կառավարությունն արդեն ներդրել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, որը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և ապահովել մրցունակ աշխատավարձեր պետական ծառայության համար։

«Այդ ինստիտուտի ներդրումը ունի մի քանի նպատակներ, այդ նպատակներից առաջինը կառավարության գործունեությունը և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ, և սա նաև 2018 թ.- ից մեր որդեգրած «0 կոռուպցիա և 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետև մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այդ տեսլականը իրականացնելու և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումը անհրաժեշտ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ պետական համակարգից որակյալ կադրերի արտահոսք կա դեպի մասնավոր ոլորտ, և հակառակ ուղղությամբ՝ մասնավոր հատվածից աշխատողներին դժվար է հրավիրել պետական ծառայության։

Նրա գնահատմամբ՝ նոր համակարգը նաև հնարավորություն է տալիս պաշտոնյաներին իրավական պաշտպանության համար անհրաժեշտ ծախսեր հոգալ։

Վարչապետն ընդգծել է, որ նոր կարգավորումը նաև կրթության ու մասնագիտական վերապատրաստման ծախսերը ներառում է, ինչը պարտադիր է դառնում պաշտոնյաների համար։ «Պետական համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն ու սոցիալապես խոցելի խմբերն են»,- ասել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին՝ «Ի՞նչ պարգևավճար է ստացել անձամբ վարչապետը», Փաշինյանը նշեց, որ ինքն իրեն չի պարգևատրել, սակայն համակարգի շրջանակում ստացել է մոտ 1,5 մլն դրամի չափով ամսական հավելավճար։

Նա նաև հիշեցրել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներն ու ծախսերը հայտարարագրվում են և հրապարակային են։

Leave a Comment