Քրդական զինված անջատողական խմբավորումները փորձել են Իրաքից հատել Իրանի սահմանը: Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Reuters-ից։ Լրատվական գործակալությունը հղում է արդել թեմայից քաջատեղյակ երեք աղբյուրների նշելով, որ սա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կազմակերպությունները կարող են օգտվել Թեհրանի դեմ բողոքի ցույցերի մի քանի օր տևած ճնշումներից հետո ստեղծված անկայունությունից։
Երեք աղբյուրները, որոնց թվում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյա, խոսել են անանունության պայմանով, ասել են, որ հարևան Թուրքիայի հետախուզական գործակալությունը զգուշացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC) վերջին օրերին սահմանը հատելու մասին։
Իրանցի պաշտոնյան ասել է, որ IRGC-ն բախվել է քուրդ զինյալների հետ, որոնք, ըստ պաշտոնյայի, փորձել են անկայունություն ստեղծել և օգտվել բողոքի ցույցերից։ Պահապանների կորպուսը էլիտար ուժ է, որը ճնշել է Իրանում նախկինում տեղի ունեցած անկարգությունները։
Թուրքիայի հետախուզական գործակալությունը՝ MIT-ը,ինչպես նաև Անկարան, անմիջապես չեն մեկնաբանել այս հարցը։ Թուրքիան, որը Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, վերջին օրերին զգուշացրել է, որ Իրանում ցանկացած արտաքին միջամտություն կսրի տարածաշրջանային ճգնաժամերը։
Իրանցի պաշտոնյան ասել է, որ մարտիկներն ուղարկվել են Իրաքից և Թուրքիայից՝ հավելելով, որ Թեհրանը խնդրել է այդ երկրներին դադարեցնել զինյալների կամ զենքի ցանկացած փոխանցում Իրան։