Ինչո՞ւ ձախողեց Ալոնսոն․ Marca-ի բացահայտումը

«Ռեալի» ներսում տիրող լարվածության և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պաշտոնանկության պատճառների վերաբերյալ ուշագրավ մանրամասներ է հայտնել հեղինակավոր Marca պարբերականը։ Ըստ աղբյուրի ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են եղել իսպանացի մասնագետի մարզչական մեթոդներից՝ դրանք համարելով չափազանց ծանրաբեռնված տակտիկական հրահանգներով։

Խաղացողները դժվարացել են յուրացնել տեղեկատվության այն ահռելի ծավալը, որը մարզչական շտաբը փորձել է փոխանցել նրանց։ Ալոնսոյի մանրակրկիտ և խիստ մոտեցումը տարածվել է նաև նրա օգնականների, մասնավորապես՝ Սեբաս Պարիլյայի վրա։ Ֆուտբոլիստների համար անընդունելի է եղել այն, որ չափազանց շատ մարդիկ են միաժամանակ ցուցումներ տալիս՝ ստեղծելով ավելորդ աղմուկ և լարվածություն։ Արդյունքում՝ թիմի առօրյա աշխատանքային մթնոլորտը որակվել է որպես անառողջ։

Հաղորդվում է, որ Ալոնսոն մինչև վերջին պահը փորձել է թիմին պարտադրել խաղի իր ծրագիրը՝ ցանկանալով արագացնել նոր գաղափարների ինտեգրման գործընթացը։ Սակայն մարզիչը գիտակցել է, որ թիմը չի հասցնում լիարժեքորեն յուրացնել և կյանքի կոչել իր պահանջները։ Այս հապճեպությունը և նոր մոտեցումների բարդությունը թիմին մատնել են շփոթության։ Ստեղծվել է երկուստեք դժգոհության իրավիճակ․ Ալոնսոն հիասթափված էր ֆուտբոլիստների կատարողականից, իսկ ֆուտբոլիստները՝ Ալոնսոյի մոտեցումներից։

Leave a Comment