
Երևանի քաղաքապետարանը կենտրոնացել է օդի որակի խնդրի վերաբերյալ առավել մանրամասն վերլուծական տվյալներ ստանալու վրա։ «Օդի ինվերսիոն շերտի կանխատեսումներ ենք իրականացնելու»,- այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ հենց այդ վերլուծական տվյալների հիման վրա են կառուցվելու քաղաքապետարանի հետագա գործողությունները։
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն էլ, արձագանքելով քաղաքապետին, նշել է, որ Երևանը «համառորեն» անտառից վերածվել է շենքերի, և այս գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է առաջնահերթ հսկել կառավարվող ռիսկերը՝ օդի աղտոտվածության խնդիրը մեղմելու համար։
«Ամենակարևոր խնդիրներից է տրանսպորտի հարցը։ Երևանում մեքենաների մեծ քանակով պայմանավորված՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը արտանետումներով աղտոտվածության բարձր ցուցանիշներ ենք ունենում։ Անընդհատ խցանումներ են. մարդիկ ստիպված մեքենաներ են ձեռք բերում, որպեսզի կանգառներում չսառեն, և տասնյակ այլ հարցեր, որոնք կապված են հասարակական տրանսպորտի հետ։ Այսինքն՝ ենթակառուցվածքների վերահսկման հարցը կարելի է շատ արագ և ճիշտ լուծել, սակայն ոչ այն ձևով, որն իրականացվում է հիմա»։
Բացի տրանսպորտից, առկա է նաև չլուծվող աղբավայրի խնդիրը, գործող հանքավայրերը և այլ փոխկապակցված հարցեր։ Քրիստինա Վարդանյանը կարծում է, որ այդ խնդիրները, ինչպես չեն լուծվել տասը տարի առաջ, այնպես էլ չեն լուծվում այսօր։ Ըստ նրա՝ գործընթացը պետք է սկսել առաջին հերթին հենց կառավարվող ռիսկերից։