Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է․ Քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունի

Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է․ Քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունի

15 հունվարի 2026 – 11:02 AMT

PanARMENIAN.Net – Բաքվից վերադարձած հայ գերիներից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում է: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Ադամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահի դրությամբ քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում՝ անհրաժեշտ հետազոտություններ անցնելու նպատակով։

«Մեր պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն, պարզ է՝ որպես գաղտնիք շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերվել է այդ խնդիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ խոսելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Կենտրոն ժամանած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Խաչատրյանն այժմ հետազոտվում է, և մասնագետները նրա հավելյալ զննություններից հետո կորոշեն՝ ինչպես շարունակել բուժումը, հայտնում է «Ազատությունը»:

«Այս պահին ամեն ինչ լավ է: Նրա վիճակն այս պահին իր խրոնիկ վիճակի հետ կապված նորմալ վիճակում է: Տրամադրությունը լավ է, վիճակը լավ է: Պինդ է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը: Երջանիկ է, ուրախ է, իր խոսքերն են, «որ Հայաստանում եմ, լավ եմ», – նշել է նախարարը։

Խաչատրյանը 2023-ի հուլիսին Արցախից Հայաստան էր տեղափոխվում սրտի հրատապ միջամտություն իրականացնելու։ 70-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ Ադրբեջանում։ Բաքվի բանտից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Բաքվից վերադարձած չորս գերիների առողջական ընդհանուր վիճակը բավարար է։

Բացի Վագիֆ Խաչատրյանից, Երևան են վերադարձվել Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը և Վիգեն Էուլջեքջյանը։ Այս տեղեկությունն ավելի վաղ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախնական զննությամբ Դավթյանը, Սուջյանը և Էուլջեքջյանը առողջական խնդիրներ չեն ունեցել, իսկ Խաչատրյանի վիճակը գնահատվել է բավարար։

Խաչատրյանն Արցախից Երևան է ուղևորվել Կարմիր խաչի ավտոմեքենայով՝ բժշկական միջամտության նպատակով։ Սակայն Բաքվի ուժայինները նրան իջեցրել են մեքենայից, ներկայացրել մեղադրանք և կալանավորել։

Leave a Comment