ԱՄՆ-ն կասեցրել է ներգաղթային վիզաները ՀՀ և ևս 74 երկրի քաղաքացիների համար

ԱՄՆ-ն կասեցրել է ներգաղթային վիզաները ՀՀ և ևս 74 երկրի քաղաքացիների համար

15 հունվարի 2026 – 10:50 AMT

PanARMENIAN.NetԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցնում է միայն ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։

Ավելի վաղ Fox News հեռուստաընկերությունը հայտնել է, թե Միացյալ Նահանգները դադարեցրել է այդ պետությունների քաղաքացիներին տրամադրել բոլոր տեսակի մուտքի արտոնագրերը, սակայն որոշ ժամանակ անց լրատվամիջոցը կատարել է ճշգրտում՝ նշելով, որ սահմանափակումը վերաբերում է միայն ներգաղթային վիզաների տրամադրմանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Պետդեպը դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները անթույլատրելի բարձր սոցիալական նպաստներ են ստանում ԱՄՆ ժողովրդի հաշվին», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը շեշտել է, որ այս սառեցումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ իշխանությունները չեն ստանում երաշխիք, որ միգրանտները չեն ապրի ամերիկացիների միջոցներով։

Պետդեպի ներկայացուցիչ Թոմի Փիգոտը նշել է, որ գերատեսչությունը կիրառելու է իր օրինական լիազորությունները՝ արգելելու այն ներգաղթյալների մուտքը, որոնք կարող են հավելյալ բեռ հանդիսանալ Միացյալ Նահանգների համար։

Որոշման ուժի մեջ մտնելու օրը սահմանվել է հունվարի 21-ը։ Սահմանափակող միջոցառումները կգործեն ոչ միայն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, այլև Իրանի, Իրաքի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Թաիլանդի և մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ։

Leave a Comment