Իրանը ցուցարարներին մահապատժի ենթարկելու «որևէ ծրագիր չունի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «ցուցարարներին մահապատժի ենթարկելու որևէ ծրագիր» չունի, սակայն չի բացառել հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնի ճնշումներին հակազդելու նպատակով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների իրականացումը։

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կրճատել են Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազայի անձնակազմի թիվը, պաշտոնյաները BBC-ի ամերիկյան գործընկեր CBS-ին ասել են, որ ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերումը «կանխարգելիչ միջոց» է։

Իրանի օդային տարածքը գիշերը հինգ ժամով փակ է եղել գրեթե բոլոր չվերթների համար։ Արտաքին գործերի նախարարությունը նաև ժամանակավորապես փակել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որն առայժմ կգործի հեռակա կարգով։

Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը՝ Թրամփը հայտարարել է, որ «հիմնավոր տեղեկություններ» ունի, թե «Իրանում սպանությունները դադարել են, և մահապատժի որևէ ծրագիր չկա»։

Իրանական արժույթի անկման դեմ բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին, սակայն դրանք վերաճել են Իրանի հոգևոր ղեկավարության լեգիտիմության դեմ իրականացվող բողոքի ալիքի։

Թրամփն ավելի վաղ սպառնացել էր «շատ խիստ միջոցներ կիրառել» Իրանի դեմ, եթե կառավարությունը մահապատժի ենթարկի ցուցարարներին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ձերբակալված 26-ամյա ցուցարարը մահվան է դատապարտվել։

Էրֆան Սոլթանին պետք է մահապատժի ենթարկվեր չորեքշաբթի օրը, BBC Persian-ին հայտնել էր նրա ընտանիքը։ Ավելի ուշ նրանք Նորվեգիայում գործող Hengaw քրդական իրավապաշտպան խմբին հայտնել են, որ նրա մահապատիժը հետաձգվել է։

Leave a Comment