
Դանիան և ԱՄՆ-ն «սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ» ունեն Գրենլանդիայի հարցում, հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում չորեքշաբթի՝ հունվարի 14-ի երեկոյան կայացած բանակցություններից հետո։
Դանիացի նախարարը կոչ է արել Միացյալ Նահանգներին համագործակցել այս ոլորտում՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա։
Նա նշել է, որ որոշվել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ փոխզիջման հասնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար, որը, մի կողմից, հաշվի կառնի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը, իսկ մյուս կողմից՝ չի հատի Դանիայի «կարմիր գծերը»։
Այս աշխատանքային խմբի առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել մի քանի շաբաթից։ Իր հերթին, Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտը, որը նույնպես ներկա էր Վաշինգտոնում կայացած բանակցություններին, նշել է, որ ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Վաշինգտոնի հետ, բայց չի ցանկանա, որ Գրենլանդիան պատկանի Միացյալ Նահանգներին։