26% բաժնեմասը վերահսկողություն չէ. այն չի տալիս վետո, չի տալիս արգելափակող իրավունք, բաժնեմաս ունենալը դեռ չի նշանակում ղեկավարել. Ղալաչյան

Արտակագ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը վերլուծել է TRIPP-ի ապագա խնդիրները, խութերը, որոնց մասին իշխանությունները ոչինչ չեն ասում։

Գագիկ Ղալաչյանի դիտարկումները.

TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակումը նոր էյֆորիայի առիթ է դարձել իշխանական ճամբարում։ Ոմանք շտապեցին դա անվանել «նախադեպ չունեցող, լիովին պաշտպանված» համաձայնություն, համեմատելով երկաթուղու, օդանավակայանի, «Veolia»-ի կամ «Գազպրոմ Արմենիա»-ի կոնցեսիաների հետ։

Նախ նշենք, որ համեմատությունն ինքնին կոռեկտ չէ․ դրանք եղել են զուտ տնտեսական պայմանագրեր, որոնք երբեք չեն ներխուժել սահմանների, մաքսային և միգրացիոն ռեժիմների ոլորտ։ TRIPP-ը հենց դա է անում։

Երկրորդ՝ այն, որ Հայաստանը «պահպանում է» մաքսային, սահմանապահ և միգրացիոն բոլոր գործառույթները, որևէ հատուկ ձեռքբերում չէ։ Դա ՀՀ Սահմանադրության և օրենքների պարտադիր պահանջն է։ Պետությունը չի կարող և իրավունք չունի դա չպահպանել։

Երրորդ՝ լուրջ հարցականի տակ է մնում, թե արդյոք նորաստեղծ ընկերությունը ամբողջությամբ կգործի ՀՀ իրավական դաշտում։ Փաստաթուղթը միաժամանակ նախատեսում է բացառիկ իրավունքներ, արագացված կարգավորումներ և համատեղ կառավարման մեխանիզմներ։ Գործել ՀՀ օրենքներով և գործել հատուկ բացառություններով՝ նույնը չէ։

Չորրորդ՝ 26% բաժնեմասը վերահսկողություն չէ։ Այն չի տալիս վետո, չի տալիս արգելափակող իրավունք և չի տալիս օպերացիոն կառավարում։ Բաժնեմաս ունենալը դեռ չի նշանակում ղեկավարել։

Այո, TRIPP-ը նոր մոտեցում է։ Բայց նոր է ոչ թե նրանով, որ «ավելի լավն է», այլ նրանով, որ առաջին անգամ ենթակառուցվածքային նախագիծը կապվում է արտաքին քաղաքական, սահմանային և աշխարհաքաղաքական գործոնների հետ։ Այլ կերպ ասած, TRIPP-ը պարզապես բիզնես նախագիծ չէ․ այն ռիսկերի տեղափոխում է տնտեսությունից դեպի պետության ինքնիշխանություն և արտաքին քաղաքական կայունություն։

Leave a Comment