Վագիֆ Խաչատրյանը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում է. ԱՆ — Հայաստանի Հանրային Ռադիո

Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանը Նորք-Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնում է։

Խաչատրյանին այցելած ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նրան անհրաժեշտ բուժօգնություն կմատուցվի։

«Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,-ասել է նախարարը։ Ավանեսյանը հավելել է, որ Հայաստան վերադարձած մյուս գերիների առողջական վիճակը բավարար է։

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և գտնվում են ՀՀ տարածքում։

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ նշված էր, որ «գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»:

Leave a Comment