Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Ժոզե Մոուրինյուի ազդեցությանը վերաբերող հարցերին։ Հիշեցնենք, որ Արբելոան 2010-2013 թվականներին «Ռեալում» հանդես է եկել հենց Մոուրինյուի գլխավորությամբ։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կապվել է Մոուրինյուի հետ նշանակումից առաջ և ինչ ազդեցություն է ունեցել պորտուգալացին իր վրա, Արբելոան պատասխանել է թե մտադիր չէ պատճենել ուրիշներին։
«Ես նրա հետ չեմ զրուցել։ Ինձ համար մեծ պատիվ էր մարզվել նրա գլխավորությամբ և կրել նրա ազդեցությունը։ Սակայն ես լինելու եմ Արբելոա։ Ես չեմ վախենում ձախողումներից, բայց եթե փորձեմ նմանվել Մոուրինյուին, ապա խորապես կձախողվեմ», – նշել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Խաբի Ալոնսոյին։