Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկը

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունների նախագիծ, որով նախատեսվում է Ուկրաինային տրամադրել անտոկոս 90 միլիարդ եվրոյի վարկ։ Նախագիծը համաձայնեցվել էր դեկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովում։

Ըստ նախագծի՝ տրամադրվելիք գումարի մեկ երրորդը (մոտ 30 միլիարդ եվրո) նախատեսվում է Ուկրաինայի պետական բյուջեին աջակցելու համար, իսկ մնացած 60 միլիարդը՝ ռազմական օգնության համար, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ռազմական օգնության շրջանակում զենքը հիմնականում կգնվի Ուկրաինայից, ԵՄ անդամ պետություններից։

Ծախսերի բաշխումը կկատարվի «կասկադային համակարգով»․ նախ կստուգվի, թե արդյոք անհրաժեշտ զինատեսակներն առկա են Ուկրաինայում կամ ԵՄ-ում, իսկ եթե ոչ՝ հնարավոր կլինի գնումներ կատարել երրորդ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։

Պետական բյուջեին հատկացվելիք 30 միլիարդ եվրոյի աջակցությունը կնպաստի Ուկրաինայի բարեփոխումների առաջխաղացմանն ու երկրի արդիականացմանը։

Այս ներդրումները կապվելու են բարեփոխումների իրականացման հետ, այդ թվում՝ ԵՄ անդամակցության գործընթացի համատեքստում։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ «ԵՄ-ն հաջորդ քայլն է անում ավելի ուժեղ և կայուն Ուկրաինայի կառուցմանն աջակցելու համար»։

Առաջին տրանշը նախատեսվում է տրամադրել 2026 թ․ ապրիլի սկզբին։ Նախագիծը դեռ պետք է հաստատվի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից։

Leave a Comment