
Բաքվից վերադարձած հայ գերիներից Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում է: Այս մասին լրագրողներին հայտնեց քիչ առաջ այստեղ ժամանած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ Հայաստան վերադարձված չորս գերիների առողջական վիճակը բավարար է:
Ադրբեջանական բանտերից այսօր Երևան են վերադարձել Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքյանը։ Այս տեղեկությունը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը փոխանցեց։ Փաշինյանը նրանց առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալ էր ներկայացրել, թե Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար:
Վագիֆ Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս Կարմիր խաչի մեքենայով։ Բաքվի ուժայինները նրան իջեցրել էին, մեղադրանք առաջադրել:
Նա հիվանդանոցում է՝ 2023-ի հուլիսին նախատեսված սրտի հրատապ միջամտությունն իրականացնելու։ 70-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ։ Բաքվի բանտից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։