Դեկտեմբերի վերջին օրերին ու հունվարի առաջին տասնօրյակում երևանցիները 35 տոկոսով ավելի քիչ են շտապօգնության կարիք ունեցել։ Եթե նախորդ տարի «Շտապբուժօգնություն» ծառայությունը մեկ օրվա ընթացքում 1150-1200 կանչ էր ստանում, ապա վերջին մի քանի օրերին այդ թիվը 800-ից 850-ի միջակայքում է։ Ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նկատում է՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, տոնական օրերին գրանցվող պատահարները՝ ակնկալիքները լավ իմաստով չեն արդարացել․
«Վստահ եմ, որ նաև այն փաստն է նպաստել, որ համընդհանուր ապահովագրության շրջանակում հիմա սահմանափակում է դրված։ Այսինքն՝ պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի»։
Գրիգորյանի խոսքով՝ քաղաքացիներն արդեն մի փոքր ավելի երկար են մտածում շտապօգնություն կանչելուց առաջ, քանի որ առողջության պարտադիր ապահովագրության ներդրմամբ սահմանվել է նաև, որ տարվա ընթացքում անվճար են լինելու 8 կանչերը։
«Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն, կայծակնահարություն և այլ բացառություններ, բայց ամեն դեպքում ինչ-որ տեղ նաև փոխկապակցվածություն տեսնում եմ այդտեղ»։
9-րդ կանչի գինը 10 հազար դրամ է։ 15 օրվա ընթացքում քաղաքացին պետք է փոխանցի այդ գումարը։ Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ արդեն մի քանի բուժառու ծանուցում է ստացել այն մասին, որ 5-րդ կանչը լրացել է, իսկ 8-րդից հետո վճարման անհրաժեշտություն կծագի։
«Այսօրվա դրությամբ 2 բուժառուի ծանուցում ենք ուղարկել, որ արդեն 8 կանչը լրացել է, պետք է 15-օրյա ժամկետում 10․000 դրամ վճարեն, տեսնենք ընթացքը ինչ ցույց կտա»։
Ընկերության տնօրենի խոսքով՝ շտապօգգնության կանչերը սահմանափակելու անհրաժեշտությունը նոր չի առաջացել։ Քաղաքացիները հաճախ են «չարաշահում» ծառայությունը, ներկայացնում կեղծ տվյալներ, օրինակ ասում, որ իրենց հարազատն ուշագնաց է եղել կամ ունի բարձր ճնշում, բայց երբ խումբը մոտենում է, այլ իրավիճակ է արձանագրում։
«Նման կանչերի պատճառով իրական, հրատապ, շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերը ուշանում են»։

Բացի դրանից՝ այն մարդիկ, որոնք մի քանի տասնյակ կանչեր են տալիս, սովորաբար ունեն ստացիոնար բուժման կարիք՝ մանրամասնում է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ 2026-ի առաջին կիսամյակին կբարձրանա «շտապբուժօգնության» աշխատակիցների աշխատավարձը, ինչը պայմանավորված է վճարովի կանչերի թվի ավելացմամբ։
«Երբ կավելացվի մեր ֆինանսավորումը, մեր կանչի համար նախատեսվող արժեքը հենց բարձրացվի, բնականաբար, միանշանակ, մեր բուժանձնակազմի աշխատավարձերը բարձրացվելու է»։
2025-ին ընկերությունը ձեռք է բերել 7 նոր մեքենա, որոնք հագեցած են շտապբուժօգնության ժամանակակից բոլոր սարքավորումներով, հարմարեցված են տեղաշարժվելու խնդիրներ ունեցող անձանց։ Թարմացվել է շտապօգնություն տրամադրող անձնակազմի արտահագուստը։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ հետևել էր կատարված աշխատանքներին․
Ուշագրավ է, որ թեև վերջին օրերին շտապօգնության կանչերի թիվը նվազել է, բայց 2025-ին ընդհանուր առմամբ դրանք 3 տոկոսով ավելի են եղել, քան 2024-ին՝ հասնելով 307 հազարի։ Սա, Գրիգորյանի խոսքով, պայմանավորված է Երևանի բնակչության թվի ավելացմամբ։

Նախորդ տարիների համեմատ նվազել է նաև սառույցի կամ ձյան պատճառով վնասվածքներ ստացածների թիվը։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ներառյալ երևանցիները 22 կանչ են արել ընկնելու ու կոտրվածքներ ստանալու պատճառով․
«1 բուժառու եղել է մինչև 18-տարեկան, 3 բուժառու եղել է մինչև 60 տարեկան, մնացածը 60 տարեկանից բարձր են եղել»։
Տոնական օրերին թունավորման 5 դեպք է արձանագրվել, ինչը դարձյալ լավ ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։