Յուրգեն Կլոպը կոշտ է արձագանքել Մադրիդի «Ռեալից» Խաբի Ալոնսոյի հեռացման լուրին

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կոշտ է արձագանքել Մադրիդի «Ռեալից» Խաբի Ալոնսոյի հեռացման լուրին։ Գերմանացին տարակուսանք է հայտնել մադրիդյան ակումբի կայացրած որոշման վերաբերյալ։

Կլոպը նշել է, որ Ալոնսոյի պես մասնագետի արագ պաշտոնանկությունը խոսում է ակումբի ներքին խնդիրների մասին։

«Եթե Խաբի Ալոնսոն, որն ավելի քան երկու տարի «Բայերում» ցուցադրում էր մարզչական բացառիկ տաղանդ, ստիպված է վեց ամիս անց հեռանալ «Ռեալից», դա վկայում է այն մասին, որ այդ ակումբում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում», — ասել է գերմանացին։

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալը» գլխավորում էր 2025 թվականի ամառվանից։

Ֆուտբոլային աշխարհում ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, որ հաջորդ մրցաշրջանում հենց Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը»։ Սակայն ինքը՝ մասնագետը, հերքում է այդ խոսակցությունների ազդեցությունը իր ծրագրերի վրա։

«Դա ինձ հետ ոչ մի առնչություն չունի և ոչ մի հույզ չի առաջացրել։ Մարզչական շուկան անընդհատ փոփոխվում է, և սարսափելի ոչինչ չկա այդ ամենին կողքից հետևելու մեջ։ Ես չեմ մտածում, թե դա ինչ կարող է նշանակել անձամբ ինձ համար, քանի որ այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ, իմ տեղում եմ», – Կլոպի խոսքերն է մեջբերում 90min-ը։

Յուրգեն Կլոպը ներկայումս զբաղեցնում է «Ռեդ Բուլ» համակարգի ֆուտբոլային գործառնությունների ղեկավարի պաշտոնը։

Leave a Comment