Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ եւ հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու եւ վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքում կատարել լրացում եւ սահմանել լիազորող նորմ: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի հերթական նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաեւ փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելու համատեքստում Հասմիկ Ավագյանը կարեւորել է հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը:
Նշվել է, որ մարզադպրոցների հավաստի վիճակագրական տվյալների առկայությունը, այդ թվում՝ մարզադպրոցի կոնտակտային տվյալները, գործող մարզաձեւերը, խմբերի, պարապողների, մարզիչ-մանկավարժների թիվը, մարզադպրոցի սաների ցուցաբերած մարզական արդյունքները եւ այլ տեղեկություններն անհրաժեշտ են, որպեսզի սպորտով զբաղվելու ցանկություն ունեցողներին ճիշտ ուղղորդեն սիրած մարզաձեւով զբաղվելու հարցում:
Տեղեկատվական համակարգում կարտացոլվեն մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ:
Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի սպորտի զարգացմանը եւ մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման եւ վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: