Մայր Աթոռը որոշել է Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին – Armenia Today

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել է Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին, տեղեկանում ենք ՀԱԵ տարածած հայտարարությունից։

Նիստը վարել է Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրա օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։

Եպիսկոպոսները դեկտեմբերի 10-ին հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ժողովը հետաձգվել է «չհիմնավորված պատճառաբանությամբ», բացի այդ՝ շեշտել, որ հավաքը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներին իրենց տեսակետն արտահայտելու և փաստարկելու, սակայն բարձրացված լրջագույն հարցերը մնացել են անպատասխան։

Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին։ Ժողովին նախորդել էին կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործընթացները, եկեղեցուն առնչվող հայտարարությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։

Leave a Comment