ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր և ստացել դրական եզրակացություն:


««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:


Օրենքի նախագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով հիշատակի օրն առաջարկվում է նշել հունվարի 27-ին՝ Բանակի օրվան (հունվարի 28) նախորդող օրը, որպեսզի այն չկապվի որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց ունենա հստակ սիմվոլիզմ: «Հունվարի 27-ին մենք կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 28-ին, կտոնենք Բանակի օրը»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը: Նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ աշխատանքային օր: Այն կնշվի այս տարվանից:


Նախագծի առաջին ընթերցման քննարկումը՝ այստեղ:


«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի, առաջին ընթերցումից հետո չի փոփոխվել: Օրինագծի ընդունմամբ կապահովվի քրեադատավարական նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը և օրենսդրական բացերի լրացումը:


Նախագծի առաջին ընթերցման քննարկումը՝ այստեղ:


««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցումից հետո փոփոխության չի ենթարկվել:


««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կստանա մեկ լրացուցիչ գործառույթ, որով պետք է օրենքով նշված շրջանակի կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություններ իրականացնի և իրավասու մարմիններին առաջարկություններ ներկայացնի կոռուպցիոն ռիսկերի զսպման տեսանկյունից:


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ խմբագրական բնույթի փոփոխություն:


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է առաջարկ, որն ընդունվել է հեղինակի կողմից:


«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրքի և կից ներկայացված օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:


«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւս հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:

Leave a Comment