Գրիգորյան․ ՀՀ դեմ հիբրիդային սպառնալիքներն ինտենսիվանում են

Գրիգորյան․ ՀՀ դեմ հիբրիդային սպառնալիքներն ինտենսիվանում են

14 հունվարի 2026 – 17:27 AMT

PanARMENIAN.Net – Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում հիբրիդային սպառնալիքները ոչ միայն շարունակվում են, այլև ինտենսիվանում: Նա այդ մասին ասել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով անվտանգային ֆորումի ընթացքում։

«Հիբրիդային սպառնալիքները շարունակվում են և ինտենսիվանում են: Պիտի հաշտվենք այն տխուր մտքի հետ, որ հիբրիդային սպառնալիքները մեզ ուղեկցելու են, ինչպես համավարակները: Ինչպես հասարակությունները սովորում են ապրել համավարակի պայմաններում՝ պատվաստվել, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, իմունային համակարգը ամրապնդել, նույն կերպ հասարակությունները հատկապես ժողովրդավարական կարգում պետք է գնան հենց այս ճանապարհով հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու պարագայում»,-ասել է Գրիգորյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նրա գնահատմամբ՝ ընտրական գործընթացները, որպես կանխատեսելի ժողովրդավարական մեխանիզմներ, կարող են դառնալ հիբրիդային գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման հարթակ։

Գրիգորյանը շեշտել է, որ հիբրիդային գործիքակազմի հակազդումը չի կարող մնալ միայն անվտանգային մարմինների իրավասության շրջանակում․ դրանք պահանջում են հանրային լայն իրազեկվածություն, պատասխանատու վարք, վերլուծական մոտեցում և կշռադատված վերաբերմունք։

«Ընտրական գործընթացների տրամաբանությունը պետք է փռել տարածության մեջ և տեսնել, թե որոնք են այն օբյեկտիվ հնարավորությունները, որտեղ միջամտությունների այս կամ այն տեսակները կլինեն առավել ակտիվ կամ առավել արդյունավետ: Մեր գնահատմամբ՝ դա ընտրությունների քաղաքական մասնակցության կոմպոնենտի թիրախավորումն է, որը շատ տրամաբանական է դարձնում այս գործողությունները՝ ի թիվս կիբեռգործողությունների, որոնք կարող են թիրախավորել կենսական ենթակառուցվածքները, ժողովրդավարական հասարակարգի ընտրական գործընթացների տրամաբանությունը, դրանց ենթակառուցվածքները: Դրանք կարող են ներառել տնտեսական գործողությունները, համադրվել այդ տնտեսական գործողություններով՝ հրահրելու կամ ուղղորդելու բիզնես սեկտորի ընտրողների ընտրությունը կամ ազդելու նրանց ընտրության վրա»,-հայտարարել է Գրիգորյանը։

Նա նաև ընդգծել է, որ քաղաքական գործընթացներում հաճախ շահագործվում են երիտասարդության իրազեկության պակասը և հայրենասիրական զգացմունքները։

«Մենք Հայաստանում այս տարի արձանագրել ենք հատկապես երիտասարդության թիրախավորում՝ ոչ միայն առաջիկա ընտրությունների կոնտեքստում, այլ շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով»,-նշել է Գրիգորյանը։

Leave a Comment