Ովքե՞ր են հայրենիք վերադարձած հայ գերիներն ու ինչպե՞ս էին հայտնվել Բաքվում

Ադրբեջանն ազատ է արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներից 4–ին՝ Վագիֆ Խաչատրյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Դավիթ Դավթյանին։ Ովքե՞ր են նրանք ու ինչպե՞ս են հայտնվել Բաքվի բանտում։

Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Գերի էր ընկել 2023 թվականին Հակարի կամրջից, երբ բուժման նպատակով գալիս էր Հայաստան։ Ադրբեջանը նրան ներկայացրել էր մեկ այլ Վագիֆ Խաչատրյանի փոխարեն, որը զոհվել է առաջին պատերազմում։ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, այսպես կոչված, Խոջալուի ջարդերին մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Վերջին օրերին հաճախ էր խոսվում, որ Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Ադրբեջանում նա հոսպիտալացվել էր։

Ի տարբերություն Վագիֆ Խաչատրյանի՝ ազատ արձակված մյուս գերիները Բաքվում են 2020 թվականից։ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր  44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ Նա Լիբանանից Հայաստան էր եկել ու մեկնել էր Արցախ։ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Էուլջեքչյանին պահում էին անմարդկային պայմաններում, որի մասին բազմիցս բարձրաձայնել է նրա կինն ու դիմել միջազգային տարբեր ատյանների։ Ադրբեջանական կայքերը նրա մասին հրապարակում էին արել՝ պնդելով, թե վերջինս Արցախ է տեղափոխվել ընտանիքի հետ նոր կյանք սկսելու համար, մինչդեռ Վիգենի կինն ու որդին Լիբանանում էին։ Նրա կտտանքների մասին հայտնի է մասնավորապես այն, որ ադրբեջանիցները նրա ձեռքին արված խաչի դաջվածքն այրելով հեռացրել են։

2020 թվականին գերեվարված Գևորգ Սուջյանին ու Դավիթ Դավթյանին Բաքուն դատապարտել էր 15 տարի ազատզարկման՝ ապօրինի զենք, զինամթերք կրելու մեղադրանքով։ Սուջյանն իր հարցաքննությունում հայտարարել էր, որ վերջինս Արցախում է եղել մարդասիրական նպատակներով։

Նրանց վերադարձի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու հայտնել, որ այս պահին վերջիններս տեղափոխվում են Երևան։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կայուն է, մնացածինը՝ լավ։

 

Leave a Comment