Քիչ առաջ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ «2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»:
Պարզվում է այս անձինք սիրացի վարձկաններ են, որնք պատերազմել են Հայաստանի դեմ: Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին մեղադրվել են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։
Պատերազմի առնչությամբ քննվող քրեական գործի շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել ու հայտնել, որ ի թիվս այլ վարձկանների՝ իրենք նախ Սիրիա-Թուրքիա սահմանը հատելով՝ հայտնվել են Թուրքիայում։ Երկու մեղադրյալներն էլ հայտնել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց չեն ստուգել, և սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան, թուրքական ինքնաթիռով այս օդանավակայանից տեղափոխվել են Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ օդանավակայան, որտեղ նստել են ադրբեջանական ինքնաթիռ և մեկնել Ադրբեջան: