Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իրատեսական չի համարում, որ այս տարի կայանալիք ընտրություններին ընդդիմության միասնական ցուցակ կլինի։
«Միասնական ընդդիմություն չի լինի. դա ուտոպիա է։ Ի տարբերություն իշխանության՝ ընդդիմությունը մեկ կենտրոնից ղեկավարվող հիերարխիկ հիմնարկ չէ, որտեղ բուրգի ամենավերևում եղածի հրամանները կտարածվեն բոլոր սեգմեոնտների վրա։
Կարծում եմ՝ միասնական ցուցակի մասին խոսակցությունները նույնիսկ վնասակար են, քանի որ դրա՝ չլինելու դեպքում հասարակության շրջանում կլինեն հիասթափություններ։ Հետո դա իշխանությունն օգտագործելու է որպես հասարակությանը հուսահատեցնելու, ընդդիմության թուլությունը ցույց տալու գործիք։ Միասնակն ընդդիմության թեզն անցած 30 տարում մշտապես շրջանառության մեջ դրել են իշխանությունները, որ հետո ասեն, թե որքան անմիաբան է ընդդիմությունը։
Ես տեսնում եմ, որ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոն ձևավորելու հնարավորություն կա. դրանք Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառույանի, Դոգի շուրջ ձևավորվող կոնսոլիադացիոն կենտրոններն են»,- ասաց Սուրենյանցը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցությունն աջակցում է Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծին։
Բանախոսը շեշտեց՝ եթե առաջիկա ընտրություններին մասնակցի ՀՀ ազգաբնակչության 53-55 տոկոսը կամ մոտավորապես 1 միլիոն 400 հազար մարդ, իշխանությունը որևէ ընտրակեղծիք կամ ռեպրեսիա չի կարող կիրառել։