14 հունվարի 2026 – 15:41 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ն միանշանակ և աներկբա կերպով ցանկանում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ և գնում է Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով:
«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել ԵՄ անդամ և ԵԱՏՄ անդամ: Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա և՛ այս ճանապարհով գնալու, և՛ ԵԱՏՄ անդամ լինելու համար: Եվ մենք այսօր այդ տարածքի մեջ ենք: Մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք այս ճանապարհով: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա: Հետևաբար, այնքան, ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ: Երբ համատեղելիության անհնարինություն լինի, մենք Հայաստանի քաղաքացիների հետ կկայացնենք որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,-շեշտել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը:
Վարչապետը կարևորել է նախորդ տարի ընդունված օրենքը, որով ազդարարվեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը իրատեսորեն է մոտենում այս նպատակին և գիտակցում է, որ ԵՄ անդամ պետություն դառնալու համար առաջնահերթ է բովանդակային համապատասխանությունը, այլ ոչ թե միայն քաղաքական կամք։
«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ. այո, աներկբա և միանշանակ: Ինչպե՞ս ենք դա պատկերացնում. մենք մեզ հաշիվ ենք տալիս, և նախորդող շրջանի փորձն էլ ցույց տվեց, որ որևէ երկրի աշխարհաքաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ չեն ընդունում ԵՄ անդամ: Դրա համար կա մի շատ մեծ ու կարևոր նախապայման՝ երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին՝ գոնե 97, 98, 99 տոկոսով: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք շատ ամուր և հստակ պետք է գնանք Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»,-ասել է նա:
Փաշինյանը հավելել է, որ երբ այդ համապատասխանությունն ապահովվի, կգա քաղաքական որոշման պահը՝ ընդունել Հայաստանին, թե ոչ։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է ընտրել չընդլայնվել, սակայն Հայաստանը երկու տարբերակի դեպքում էլ կլինի շահած կողմ։
«Երբ մենք համապատասխանում ենք ստանդարտներին, ունենք երկու տարբերակ՝ կամ մեզ ընդունում են ԵՄ անդամ, կամ մեզ չեն ընդունում»,-ասել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն երկու դեպքում էլ շահած է դուրս գալիս. մի դեպքում դառնում է ԵՄ լիարժեք անդամ, մյուս դեպքում չի դառնում անդամ, սակայն լինում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող, ժամանակակից պետություն:
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։